Պետությունը պետք է տուգանքներով զսպի օրինազանցներին. Երևանի քաղաքապետ

3 մլրդ 933 մլն դրամ պակասորդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 5 մլրդ 859 մլն դրամի ավելորդով։ Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով Երևան համայնքի բյուջեի փաստացի եկամուտները 68 մլրդ 668 մլն դրամ է, ճշտված 82 մլրդ 134 մլն եկամուտների նկատմամբ։ Ըստ նրա կատարողականը կազմել է 83, 6 տոկոս։

Նիստի ավարտից հետո Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետը նշեց, որ «Սանիթեք» ընկերությունն այլևս կարողություն չունի սպասարկել Երևան քաղաքին։ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամեն ամիս «Սանիթեքին» տուգանում են թերի կատարած աշխատանքի համար, օրինակ՝ այս ամիս 26 մլն է տուգանվել, նախորդ ամիս՝ 13 մլն-ով և այլն։ Հարցին՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, Մարությանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ ժամանակը ցույց կտա:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ առաջիկա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները։

«Ես կառավարությանը դիմել էի, մեկ անձից գնել էինք հինգ Կամազ մակնիշի ավտոմեքենա։ Ընդհանրապես նախատեսվում էր գնել 34 ավտոմեքենա, ոչ միայն Կամազ մակնիշի։ Հունիսի վերջից սկսելու են մեքենաները գալ։ Մենք հիմնել ենք բյուջետային հիմնարկ, որը պետք է և պարտավոր է զբաղվել Երևան քաղաքի աղբահանությամբ։ Այնպես որ, մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է»,– ասաց Մարությանը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև օրերս աշխատանքից ազատված երթուղայինի վարորդին: Նրա խոսքով՝ վարորդին ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետեւ սա մասնավոր գիծ է:

Ըստ նրա՝ ընդհանրապես ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին խնդիրներ կան:

«Մի տեղ վարորդը ծխում է, մի տեղ աղբ են նետում մեքենայից դուրս։ Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա»:

Մարությանի կարծիքով՝ պետությունը պետք է տուգանքներով զսպի օրինազանցներին, սակայն մարդիկ իրենք պետք է փոխվեն. «Մեկ միլիոն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող հետեւել եւ տուգանել։ Մենք ինքներս պետք է փոխվենք։ Ես ամբողջական եմ նայում հարցին»:

Share: