Ով էլ գա իշխանության Նիկոլ Փաշինյանից հետո, կալանավորելու է նրան

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Պատմությունը ոչինչ չի սովորեցնում, այլ միայն պատժում է դասերը չիմացողներին»․ Վ․Օ․Կլյուչևսկի


Օլիվեր Կրոմվելը հեղափոխական իշխանության անունից պատմության մեջ առաջին անգամ թագավոր էր դատում, մահապատժի դատապարտում։ Այդ աննախադեպ քայլի համար հին աշխարհի երկրները, որտեղ կառավարում էին միապետեր, չէին ցանկանում գործ ունենալ միապետ գլխատող իշխանության հետ, ինչից Անգլիան զգալի կորուստներ էր կրում, իսկ հեղափոխությունը զգալի զոհերի ու ավերածությունների պատճառ էր դարձել։ Բայց կարճ ժամանակ չանցած՝ Կրոմվելն այնքան իշխանություն կուտակեց իր ձեռքում, որ ցանկացած միապետ կերազեր դա ունենալ, ավելին, քան այն միապետը, որին գլխատել էր թագավորական իշխանությունը չարաշահելու համար։ Արդարացումը, առաջընթացի փաստումը պարզունակ էին․ Կրոմվելն իր պաշտոնը՝ լորդ-պրոտեկտորի, ժառանգաբար չէր կարող փոխանցել իր զավակին, ինչպես միապետի դեպքում էր տեղի ունենում։ Բայց արի ու տես՝ բացարձակ իշխանությունը բացում է բացարձակ ախորժակ, ու այդ սկզբունքից էլ հրաժարվեցին, ու Կրոմվելի մահից հետո նրա զավակը դարձավ լորդ-պրոտեկտոր։

Իհարկե, այդ ավանտյուրան կարճ ու անհաջող ավարտ ունեցավ, քանի որ Կրոմվելի պաշտոնավարման ժամանակ ողջ իշխանությունը կենտրոնացված էր մի անձի ձեռքում։ Դա ինստիտուցիոնալ չէր, այլ՝ անձնավորված, ուստի նրանից հետո երկրում տիրում էր իսկական քաոս, ամենաթողություն, հրահրվում էին անկարգություններ։ Արդյունքում Կարլ 1-ին Ստյուարտի ժառանգը՝ Կարլ 2-րդը, դարձավ Անգլիայի թագավոր, և որպեսզի մարդիկ հասկանային, որ վերադարձել են «հին, բարի ժամանակները», Կրոմվելին հետմահու դատեցին արքայասպանության մեղադրանքով, և թագավորին մահապատժի ենթարկելու նույն օրը՝ 12 տարի անց, գերեզմանից հանեցին Կրոմվելի դին ու կախեցին սյունից հանրության աչքի առաջ։ Անարդար կլիներ ասելը, թե հեղափոխությունը դրական ոչինչ չտվեց, բայց, միևնույն է, մինչ օրս Մեծ Բրիտանիան թագավորություն է, պետական կարգը՝ սահմանադրական միապետություն։ Սա ի՞նչ է, առաջին բուրժուական հեղափոխություն (XVII դար) կատարած, ժամանակակից պառլամենտարիզմի (XIII դար) հայրենիք հանդիսացող Անգլիան մինչ օրս արքայասպանության մեղքե՞րն է քավում։ 

Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Հեղափոխական իշխանությունը մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահ է դատում, ավելին՝ մեղադրում այն բանում, որում իր՝ որպես ընդդիմադիր գործչի ու նաև մի շարք այլ իշխանավորների մեղքը պակաս չէ, եթե չասենք՝ ավելին է։ Իշխանության բռնազավթման մեջ մեկին մեղադրելն ու հիմա օր-օրի իշխանությունը բռնազավթելն էլ մի օր իր տխուր ավարտն են ունենալու։ Ակնհայտ է, որ ով էլ գա իշխանության Նիկոլ Փաշինյանից հետո, կալանավորելու է նրան ու ոչ միայն այն պատճառով, որ դրա համար մեր վարչապետը բավարար հիմքեր տվել է ու շարունակում է տալ, այլ նաև, որ այդպես կվարվեն բումերանգի էֆեկտով արդարություն վերականգնելու մղումներից դրդած։ Ավելին՝ Փաշինյանին կկալանավորի անգամ իր այն թիմակիցը, որը կգա իշխանության սահուն իշխանափոխության արդյունքում, քանի որ կուզենա տարանջատվել նրա ապօրինությունների մեղքերից։ 

Ի դեպ, վարչապետն այնպիսի համառությամբ է իր «բարձր հովանու ներքո» առել առաջին նախագահին, ու վերջինս անհարմարության աստիճան այնպես հարմար է տեղավորվել նրա թևի տակ, որ Փաշինյանի պաշտոնաթողությունից հետո, երբ Տեր-Պետրոսյանը կմնա «անտեր», մեծ հավանականությամբ կհայտնվի ճաղերի հետևում։ Չկասկածեք, որ այդ քայլը ողջունողների պակաս չենք ունենա, չէ՞ որ հիմա Նիկոլ Փաշինյանի ցանկացած կամայականություն ողջունողներ կան, երբ ասում են՝ բա լա՞վ էր, որ նախկիններն ինչ ուզում, անում էին, ուրեմն՝ հիմա էլ Փաշինյանենց կամայականությունների ու ապօրինությունների հերթն է՝ նախկինների «ինադու»։

Իսկ ի՞նչ կշահեն այս ամենից մեր երկիրն ու հասարակությունը։ Առնվազն ակնհայտ է, որ կկորցնենք բոլորիս այդքան պակասող ժամանակը: Դրան կհաջորդի միջազգային եթե ոչ մեկուսացում, ապա առնվազն ոչ հարթ հարաբերություններ և որպես բոնուս՝ անհուսալի ու անկանխատեսելի գործընկերոջ համբավ։ Դրան կհաջորդի այն, որ տևական ժամանակ փողոց դուրս եկած ու իր իրավունքների համար պայքարած, վերջապես հաղթանակի համը տեսած մեր ժողովուրդն այնպես է հիասթափվելու այս հեղափոխությունից, որ կաթից վառվածի պես դեռ երկար ժամանակ մածունին էլ է փչելու։ 

Անգլիացիներն իրենց սխալների համար դարերով են վճարում, հիշում ու հիշեցնում դրանց մասին սերունդներին: Իսկ մեզ որքա՞ն ժամանակ է պետք լինելու գալիք սխալները շտկելու համար, ու արդյո՞ք մենք այդ սխալները գործելու ռեսուրսն ու ժամանակն ունենք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.muradyan.70/posts/381966722710054

Share: