Ի պատասխան Փաշինյանի հայտարարության՝ սոցցանցի օգտատերերը սև հագուստով լուսանկարներ են հրապարակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ խմբերին տեղորոշելու, ծաղկավոր «բաբոչկա» կապելու և օրինական կյանք ճանապարհելու կոչից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սևը դարձել ա թրենդային։ Հազիվ մեր ազգը սովորել էր բաց գույներ կրել, բայց դե արի ու տես, որ սևը նորից վերցնում է իրենը։ Դե ինչ արած, վերադառնանք սևին»։

Ռուբեն Մելիքյանը տարածել է իր և Տիգրան Քոչարյանի նկարը՝ սև կոստյումներով և գրել. «Եթե էս նկարի պատճառով ինձ ապօրինաբար, չարամտորեն ծաղկավոր «բաբոչկա» նվիրեն, իմացի՛, քո անունն էլ եմ տալու»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս լուսանկար է հրապարակել: «Սևագործ աշխատանք»,-կից գրել է նա:

Մարինա Խաչատրյանը սոցցանցում գրել է. «Եկել է ԱԺ-ն լուծարելու ժամանակը»: Նա նաև ներկայացրել է սև զգեստով իր լուսանկարը:

Սև հագուստով լուսանկար է հրապարակել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արփինե Հովհաննիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել սև հագուստով և ծաղկավոր շարֆով: «Որ շաաատ խնդրեմ, կլինի՝ Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք՝ ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»,- գրել է նա։

«Իմ տանը վառվող խունկի ծխերի ու հիշողության մշուշների մեջ էնքան չապրած կյանք կա, էնքան կարոտ, որ դրանցով ցավերիս խոր ակոսներն անգամ կլցվեն։ Խունկերի ու կարոտների մեջ փաթաթված կյանք։ Մարդիկ էսքան կարոտների մեջ ո՞նց են ապրում, լավ… #սևսիրտ #սևազգեստ#nazenihovhannisyan»,– գրել է դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Ինձ հենց ծաղկավոր «բաբոչկա» էր պետք…

Գնամ Ազատության հրապարակ»,– գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը։

«Ես էդ բաբոչկայից վաղուց եմ կապում»,– իր լուսանկարն այսպես է մեկնաբանել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Share: