Ինչպես սնվել շոգ եղանակին

Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար: Միաժամանակ, սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վտանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացումը:

Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ դառնալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

սննդամթերքը (միրգ, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել մթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակ, փքաբլիթ, խորոված, քաբաբ և այլն, ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր, սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով, առանձնացնել հում մթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակ, ափսե, տախտակ:

Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցան, միրգ, բանջարեղեն և այլն),
սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
պատահական վայերից սունկ չգնել:

Գնված սունկը պետք է ուշադիր լվանալ, և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվացվել հաճախակի, և պարտադիր` յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

Share: