«Գուդվին»-«Վիվառո» հակամարտություն, թե խաղամոլության դեմ պայքար

«Գուդվին» բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչները երեկ հավաքվել էին ԱԺ-ի դիմաց ու փակել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։ Երթեւեկությունը տեւական ժամանակ կաթվածահար էր։ Ցուցարարները պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որ նրան համոզեն՝ Ալեն Սիմոնյանի նախագծում փոփոխություններ մտցնելու։

Հիշեցնենք, «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների արդյունքում «Իմ քայլը» որոշել է սահմանափակել տոտալիզատորների գրասենյակների առկայությունը Հայաստանում, կոնկրետ տարածքներ են սահմանվելու նրանց գործունեության համար, եւ արգելվելու է խաղային ապարատների գործունեությունը, որոնք հիմնականում պատկանում են «Գուդվին» ընկերությանը։ «Գուդվին» ընկերությունը սրա հետեւում տեսնում է «Վիվառո» ընկերության ականջները, քանզի «Վիվառոյի» տերերն Ալեն Սիմոնյանի ընկերներն են։ Մյուս կողմից, երեկ խոսակցություն տարածվեց, որ «Գուդվինի» ակցիայի հետեւում էլ կանգնած է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը դեմ էր արտահայտվել նախագծին։ Սիմոնյանը նախագծի առաջին ընթերցման ժամանակ համաձայնել էր ընդառաջ գնալ եւ այդ գրասենյակների գործունեության վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի նոյեմբեր ամիսը, սակայն խաղային ապարատների հարցում որեւէ զիջում չի արել՝ դրանց գործունեությունը կարգելվի նախագծի ընդունումից 10 օր անց։

Ալեն Սիմոնյանն ասում է․ գուդվինականների նպատակն այն է, որ խաղային ապարատները մնան։ «Գուդվինի» ներկայացուցիչները պնդում են, որ այս նախագծի ընդունման հետեւանքով անգործ կմնա շուրջ 1500 աշխատակից։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ իր համար կարեւոր է, որ հազարավոր քաղաքացիներ ազատվեն խաղամոլությունից։ Եվ մինչ գուդվինականները դրսում փողոց էին փակում ու Սիմոնյանին մերժելով պահանջում Միրզոյանի հետ հանդիպում, Սիմոնյանը շենքում հայտարարում էր, որ վիրավորված է ցուցարարներից, որոնք վիրավորական արտահայտություններ են թույլ տվել իր հասցեին, եւ պահանջում էր, որ ներողություն խնդրեն իրենից։ Սիմոնյանն ասում է, որ այդ գրասենյակներում ոչ թե 1500, այլ 1342 աշխատող կա։ «Գուդվինից» ընդունեցին, որ աշխատակիցների թիվը 1500 չէ, այլ մոտ 550, մնացածը փոխկապակցված ընկերությունների աշխատակիցներն են։ Ինչ վերաբերում է իր ընկերներին պատկանող «Վիվառո» ընկերության, այսպես ասած, պատվերը կատարելու մեղադրանքին, պարոն Սիմոնյանն ասաց․ «Այո, «Վիվառոյի» տերն իմ ընկերն է, բայց սա ավելի ձեռնտու է «Աջարաբեթ» ընկերությանը, որովհետեւ «Աջարաբեթը» ոչ մի գրասենյակ չունի, իսկ «Վիվառոն» ամենաշատ գրասենյակ ունեցողն է։ Այսինքն՝ սա նույնպես շահարկում է, որը չի աշխատում եւ չի աշխատելու։ Ես 10 տարի հանրային ոլորտում բաց գործունեություն եմ ծավալում, եւ իմ ազնվությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնի, առավել եւս՝ նման կերպ»։

«Գուդվին» ընկերության 5 ներկայացուցչի, այդ թվում՝ ընկերության տնօրեն Սերգեյ Միքայելյանին, ընդունեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները։ Նրանց պահանջը մեկն էր՝ թույլ տրվի, որ խաղային ապարատները մինչեւ 2020-ի նոյեմբերն աշխատեն, քանի որ իրենց ընկերության գործերը հիմա լավ չեն։ Թունյանը համաձայնեց առաջարկը քննարկել նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ։ Պայմանավորվեցին փողոցը բացել։ Բացելու հորդորով հատկապես հանդես եկավ Հայկ Սարգսյանը։

«Գուդվինի» տնօրեն Սերգեյ Միքայելյանը մեզ ասաց, որ ԱԺ պատգամավորների հետ քննարկումից գոհ է։ Ասաց, որ իրենք համաձայն են մեկուկես տարի անց դադարեցնել իրենց գործունեությունը, բայց ժամանակ են խնդրում։ «Հաշվի առնելով խաղամոլության հետ կապված անհանգստությունը թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ կառավարության ղեկավարի, թե՛ ժողովրդի մեջ տեղ գտած երեւույթի հնչեղության եւ թե՛ այն տեսակետները, որ հնչեցին այստեղ, որ անմիջապես միջոցներ են ձեռնարկվելու հաջորդ քայլով կայքերի նկատմամբ սահմանափակումներ, արգելումներ կատարելու, իրավիճակի հետ հաշվի նստելով՝ այո, համաձայն ենք փակվել։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք։ Իսկ էս պարագայում այս նախագիծը ծառայում է այլ նպատակի»,- ասաց նա։


Share: