ՈՒԵՖԱ-ն արգելել է Բաքվում ԵԼ եզրափակչից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել

Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղացողները ՈՒԵՖԱ-ի սահմանափակումների պատճառով Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ հնարավորություն չեն ունենա աջակցության որևէ նշան ցուցաբերել իրենց թիմակցի՝ Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:

Այս մասին գրում է onefootball.com կայքը՝ մանրամասնելով, որ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները մտադիր էին խաղից առաջ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել: Սակայն  ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ նման քայլն արգելված է «խիստ կանոններով»:  

Բոլոր մարզաշապիկները, որոնք խաղացողները կրելու են խաղից առաջ և հետո, պետք է հաստատվեն ՈՒԵՖԱ-ի կողմից:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մխիթարյանը Բաքվում կայանալիք հանդիպմանը չի մասնակցի քաղաքականությանն առնչվող հարցերի պատճառով, մինչդեռ «Արսենալ»-ի հայազգի երկրպագուներին խորհուրդ չի տրվել Ադրբեջան մեկնել:

Բացի այդ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի կազմած զեկույցում արձանագրվել էր, որ Բաքուն հարմար չէ Եվրոպայի լիգայի եզրափակիչ  հանդիպման անցկացման համար: Դրանում նշվում էր, որ Բաքվում նման հանդիպման անցկացումը խնդրահարույց կլինի:

«ՈՒԵՖԱ-ն շատ լավ գիտեր՝ ինչ է անում, երբ եզրափակիչը Բաքվին տվեց: Դա ոչ թե խաղի տարածման համար էր, ինչպես որ նրանք են ասում, այլ նավթով հարուստ մեկ այլ երկրին գոհացնելու: Այդ նույն պատճառով էլ ՖԻՖԱ-ն Աշխարհի առաջնությունը տվեց Կատարին: Բարձրագույն մակարդակի ֆուտբոլն այլևս  խաղի կամ երկրպագուների մասին չէ, այլ ՝ փողի»,-եզրափակում  է կայքը:

Share: