Աննա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի նվիրատվությունների մասին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ժամանակի անիմաստ կորուստ է համարում հիմնադրամներին ՀՀԿ-ի թիմակիցներից, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի նվիրատվություններ անելու հետ կապված քննադատությունը։ Ավելին՝ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ թեմաներն ու իր կողմից դրանց արձագանքը կատարյալ անիմաստ զբաղմունք և ռեսուրսի անիմաստ վատնում է։

«Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ ի վերջո ազատվենք  այդ համեմատականից, նախկինում եղած երևույթները ներկա իշխանությունների և հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք, անտեղի ժամանակի կորուստ, անիմաստ ռեսուրսի վատնում»,- ասաց նա։

Հակոբյանը շեշտեց՝ «Իմ քայլը» և City of smile՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին նվիրատվություն անելու համար ազատ են բոլորը։  Ըստ նրա՝ տարբերություններից մեկն այն է, որ նախկինում նվիրատվությունը պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին եղել է մոնոպոլիա։

«Նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք և հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն անել։ Մենք առաջին օրվանից ասել ենք, որ չունենք այդպիսի բարդույթ՝ ո՛չ նախկին մարդկանց, ո՛չ ապագա մարդկանց հետ կապված։ Մենք ներկայացնում ենք մեր արած աշխատանքն ու մեր նպատակները, և բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, քանի որ դրանք ծառայելու են այդ նպատակին»,-եզրափակեց Աննա Հակոբյանը։

Share: