Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Մայիսի 22-ին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին,Ֆրանսիայի մայրաքաղաքում Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում բացվել է հուշատախտակ: Ներկ են եղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, քաղաքային իշխանությունների, նշանավոր անձանց և, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամներ, ասվում էէ «Ազնավուր» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հուշատախտակը տեղադրվել է Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

Մայիսի 26-ին Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված բացառիկ հուշ-երեկույթ, որին կմասնակցեն ֆրանսիացի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները: Համերգի ընթացքում հանդես կգան Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին:

Շառլ Ազնավուրը՝ ծննդյան անվամբ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ծնվել է Փարիզում հայ գաղթականների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Երգել սկսել է վաղ հասակից, բայց մեծ փառքի ու հռչակի արժանացել 30 տարեկանից հետո՝ 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» սրահում ունեցած չափազանց հաջող ելույթից հետո:

Այդ ժամանակներից ի վեր նրա երգերը հնչում են ողջ աշխարհում ոչ միայն իր, այլև ժամանակի մերածույն այլ երգիչների ու երգչունիների կատարմամբ: Ազնավուրը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, մի քանի գրքի հեղինակի է, որոնցով չափազանց անկեղծորեն իր ողջ կյանքն է բաց ներկայացնում ընթերցողին:

1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:

2008 թվականից Շառլ Ազնավուրը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Շվեյցարիում, որտեղ և բնակվում է վերջին տասնամյակներին: Ամենաուշագրավն իր լեգենդար կյանքում իր արվեստի այն ուժն ու հզորությունն է, որը նրան չի կտրում բեմից մինչև օրս: Տարիքն արդեն բոլորովին էական չէ, երևի նրա ճակատագիրն է՝ նա մշտապես իր երաժշտությամբ մեզ հետ է լինելու:

Share: