Վարչապետի կոչին արձագանքել է ընդամենը 1100 մարդ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Այսպես, ժամը 8:40-ից. 
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա արգելափակել է դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել է՝ հասնելով մոտ 300-ին, որոնք ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը: 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել է մոտ 80 ցուցարար, նրանց թվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը: 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են, այստեղ հավաքված է մոտ 50 ցուցարար, նրանց թվում են պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում է մոտ 20-25-ի, նրանց թվում են պատգամավորնե Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը:  

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել է մոտ 140-150: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը: 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թե ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 40-ի: 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ են: Այստեղ հավաքված է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտություն են միացրել: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը: 
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը: 

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել է քիչ՝ մոտ 7-10 մարդ, որոնց, սակայն, հաջողվել է արգելափակել մուտքը: 

Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամավոր Մարիա Կարապետյանը։ 

Փակ են նաև Սահմահանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում է 150-ի:  

Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: 

Իրազեկ քաղաքացիների միավորում


Share: