Վարչապետի հրահանգով հավաքված ամբոխը կոտրել է ապակիներ, քաշքշել դատավորների. ոստիկանությունն անգործության է մատնված

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դատարանների մուտքերը փակելու այսօրվա ակցիայի մասնակիցներն արդեն կոտրել են ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։

«Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։

Ոստիկանությունը անգործության է մատնված։

Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,– գրել է Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել  այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:

Share: