Մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան

Ես հույս ունեմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ արդար որոշում կլինի, պնդում եմ, որ մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է. այս մասին լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դռնբաց դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: 

Նշենք, որ այսօր նախնական դատական նիստ է, որտեղ քննվելու է բացառապես ամբաստանյալների խափանման միջոցներին վերաբերող միջնորդությունը, իսկ քանի որ ամբաստանյալներից միայն Ռոբերտ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ, միայն նա է ներկայացել դատական նիստին, իսկ կողմերը՝ Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը չեն ծանուցվել:

Լևոն Քոչարյանն ասաց, որ իրենց փաստաբանների ու իր հոր տեսակետը ապացուցող բազմաթիվ փաստեր կան:

Հարցին՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների համար, նա ասաց՝ թող հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել, ով է այդ ամեն ինչի մեջ մեղավոր, ինքն էլ պատասխանատվություն թող կրի: «Իսկ այն սկզբունքը, որ ասում են՝ դե, մեկը պետք է պատասխանատվություն կրի, դա սխալ է»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է 0038 հրամանին և այն պնդումներին, թե զինված ուժերը մասնակցել են քաղաքական գործընթացներին, Լևոն Քոչարյանն ասաց. «Դուք ինչ-որ տեսակետ եք ասում, որը, երևի թե, այս դատավարության շարունակությունը պետք է ցույց տա: Դուք հիմա առաջ ընկնելով՝ ինչ-որ մարդկանց կողմից հրամցվող բաները որպես ճշմարտություն եք ներկայացնում: Ես շատ ուրախ կլինեմ, որ բաց դատավարություն լինի, ու այդ ամենն իր հանգուցալուծումը ստանա: Հիմա եթե ես տեսակետ հայտնեմ, սուբյեկտիվ է ընդունվելու»,- ասաց նա:

Լևոն Քոչարյանը նաև չի կիսում այն տեսակետը, թե 2008-ին սահմանադրական կարգ է տապալվել:

Իսկ թե ինչ է ակնկալում դատարանից, նա նշեց. «Նախևառաջ ակնկալում եմ, որ ապօրինի այս խափանման միջոցը կվերացվի»:

Լևոն Քոչարյանը, անդրադարձավ օրերս ձևավորված «Քոչարյանի աջակիցների դաշինքին», նշեց, թե չգիտի այդ դաշինքն ինչ կարող է փոխել: Նաև հավելեց, որ այդ օրը հյուրի կարգավիճակում էր ներկա առաջին հավաքին:

Նա նաև տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանին վերջին անգամ տեսել է մայիսի 8-ին: Ըստ նրա՝ երկրորդ նախագահին փոխանցում են տեղեկություններ, թե սոցիալական ցանցերում ինչ է կատարվում, քանի որ այդ ցանցերը անհասանելի են նրա համար:

Վերջում Լևոն Քոչարյանը նշեց, որ հայրը «Մարտի մեկի» համար չունի պատասխանատվության բաժին, նույնիսկ դա մեղադրանքում չկա:

Աղբյուր՝ Tert.am

Share: