Ո՞ւմ ոտքն է «տրորել» Ալեն Սիմոնյանը

Վերջին շրջանում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ենթարկվում է մեդիա հարձակումների, իսկ օրեր առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահը ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ոմանք փորձել են կոտրել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջը:

Մի քանի ֆեյք կայքեր իբրև թե սենսացիոն վերնագրերով նյութեր են տարածում, այդկերպ փորձելով այսպես ասած վարկաբեկել Սիմոնյանին: Հայտնի «տղամարդուն» պատկանող հեռուստաալիքներից մեկն էլ ամենօրյա ռեժիմով ցանկանում է ՌԴ-ին մեսիջ հղել, որ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Իսկ ինչո՞ւ Սիմոնյանը հայտնվեց թիրախում, ինչո՞ւ նրա էջը կոտրելու ցանկություն չէր առաջանում տասը օր կամ տասը ամիս առաջ: Սիմոնյանը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Քոչարյանի մասին խոսելիս չասեն «նախագահ» բառը, քանի որ ժողովուրդը երբեք չի ընտրել ո՛չ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին: Այս հայտարարությունից առաջ Սիմոնյանը հյուրընկալվել էր նաև «5-րդ ալիքում», որտեղ ոչ միայն չէր թույլատրել հնչի կեղծիք, այլ նաև կարողացել էր մի լավ քննադատել նախորդ համակարգն ու նրանց ներկայացուցիչներին:

Ալեն Սիոմոնյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հիմնական առանցքային դերակատարներից մեկը, նաև միակն է, ով կարողանում է անսխալ ելույթներ ունենալ, բարձր պահել թիմի վարկանիշը, հարված վերցնել իր վրա, պետք եղած դեպքում քանդուքարափ անել հազարավոր դոլարներով կառուցված հակաքարոզչական թեզերը: Ասում են նրա հարցազրույցներից զգուշանում են նույնիսկ թիմի ներսում, նախընտրելով խուսափել Սիմոնյանի հետ հրապարակային բանավեճից: Եթե Քոչարյանի մասին նման կերպ արտահայտվեր մեկ այլ իշխանական պատգամավոր, գուցե նրան այդ կերպ չթիրախավորեին, սակայն Սիմոնյանի դեպքն այլ է:

Նիկոլ Փաշինյանի թիմում Ալեն Սիմոնյանն ունի իր ուրույն տեղն ու համարվում է կարևոր քաղաքական ֆիգուր, Փաշինյանի ոչ պաշտոնական խոսնակ և նրան վարկաբեկելով, նրա ֆեյսբուքյան էջը կոտրելով և անձնական հաշվին տիրանալով նախորդ համակարգը փորձում է վախեցնել, լռեցնել և թուլացնել Ալեն Սիմոնյանին: Վերը նշվածը հաշվի առնելով կարող ենք ենթադրել, որ առաջիկայում որոշ շրջանակներ շարունակելու են Սիմոնյանի դեմ մեդիա հարձակումներ իրականացնել՝ որպես զենք կիրառելով կեղծ լուրերն ու հորինված պատմությունները: Ի վերջո, օրհներգի թեման այլևս արդիական չէ, իսկ Ալենը խանգարում է:

Լուսանկարը՝ «Սպուտնիկ» Ռ/Կ-ի

Share: