Ձեր հանրային շփումները չափավորեք

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Բան չունեմ ասելու՝ մի տարին կարճ ժամանակ է ե՛ւ պետական կառավարման հմտություններին ծանոթանալու, ե՛ւ արարողակարգային նրբությունները յուրացնելու, ե՛ւ ինչ-որ արդյունքների հասնելու համար։ Բայց դե, ախր, մեկ տարվա մեջ մենք բոլորս պետք է զգայինք այդ դինամիկան՝ որ թիմը սովորում է, հմտանում է, գիտելիքներ է ձեռք բերում։ Փոխարենը ամեն օր արձանագրում ենք, որ «աճը» տեղի է ունենում միայն մեծամտանալու, շատ փող աշխատելու ձգտումների, չինովնիկական վարքուբարքը յուրացնելու ուղղությամբ։ Այսինքն, ստացվում է, որ նորերը նախկիններից ավելի խելոք չեն, ավելի փորձառու չեն, ավելի գրագետ չեն, մենակ ավելի մաքուր ու նվիրված են, այն էլ՝ կամաց-կամաց այդ որակներն էլ են կորցնում, թաթախվում կոռուպցիայի մեջ, հսկայական աշխատավարձեր ու պարգեւավճարներ ստանում։ Լավ՝ գոնե արդյունքներ լինեին, տեղաշարժ նկատեինք որոշ ոլորտներում, դա էլ, ցավոք, չկա։

Իսկ չինովնիկական պահվածքի հարցում ընդհանրապես մեծ «առաջընթաց» ունենք։ Փակ դռների հետեւում, հասարակության աչքից հեռու գործարքներ ու նիստեր են անում ու լրագրողներից էլ սկսել են խուսափել՝ հարցազրույցներ չտալ։ Բոլոր հնարավոր պաշտոններին նշանակվողներն իրենց մտերիմներն են, համակուրսեցիները, ազգուտակերը, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ էր։ 
Կադրային քաղաքականության մասին խոսելն անգամ ավելորդ է՝ նորանշանակ թաղապետ-քաղաքապետերի, ԱԺ պատգամավորների ու նախարարների, փոխնախարարների ու փոխքաղաքապետերի թույլ տված կիքսերի ու վրիպումների մասին կարելի է հատորներ գրել։ Եվ այդ վրիպումները, կոլեկտիվների բողոքները ոչ մեկը բանի տեղ չի դնում։ Ասենք՝ ուրիշ ի՞նչ պետք է աներ Արաբկիրի թաղապետը, որ նրան «ցտեսություն» ասեին։ Իսկ մարզպետների մասին շրջող պատումներն այնքան զավեշտալի են, որ դրանց իրական լինելուն դժվար է հավատալ, բայց բազում ականատեսներ կան ու անմիջական մասնակիցներ։ Մեկը սուտ կասի, երկրորդը կչափազանցնի, բայց բոլորը միանգամից չդարձա՞ն ստախոս ու լեգենդ հյուսող։ 

Իսկ ոչ մի կերպ չհասունացող, չլրջացող, իրենց պաշտոնների պատասխանատվությունը չգիտակցող չինովնիկների տված վնասը կարող է ահռելի լինել։ Դա նշանակում է, որ վարկաբեկվում է պետական ծառայողի ինստիտուտը, եւ պետական կառավարումը զավեշտի ու խաղուպարի ասպարեզ է դառնում, որտեղ ով ասես՝ կարող է նախարար նշանակվել, փոխնախարար աշխատել՝ ահռելի աշխատավարձեր ստանալով պետբյուջեից ու ոչինչ չանելով։ 

Ավելին՝ այս մարդկանց թվում է, թե աշխատանքն իրենց օրվա արած-չարածի, իրենց հանդիպումների ու շրջագայությունների մասին հաղորդագրություններ տարածելն է։ Ընդ որում՝ բազում տառասխալներով ու վատ ձեւակերպված հաղորդագրություններ։ 

Ասենք, ո՞վ է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որի պաշտոնն առանց թղթից կարդալու երեւի միայն Արարատ Միրզոյանն է հիշում, որ պետք է իր անիմաստ այցելությունների մասին ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններ տարածի՝ Մխիթար Հայրապետյանն այցելեց «Թումո», Մխիթար Հայրապետյանը եղավ Մատենադարանում, Մխիթար Հայրապետյանը Գյումրիում էր։ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նախարարի ու վարչապետի պաշտոն չէ, որ իր հանդիպումներն ու այցելությունները որեւէ արժեք ունենան եւ հանրությանը տեղեկացնելու արժանի իրադարձություններ լինեն։

Կամ՝ ինչո՞ւ է վարչապետի տիկնոջ յուրաքանչյուր այց ու գնում հրապարակվում․ Աննա Հակոբյանը որոշել է գնել հայ դիզայներների կարած հագուստը, Աննա Հակոբյանն ինչ-որ փառատոնի ու համերգի է մասնակցել՝ դուստրերի հետ, Աննա Հակոբյանը ծանոթացել է Մանկական երկաթուղու աշխատանքներին․․․ Է, հետո՞․ ծանոթանում է՝ թող ծանոթանա։ Բայց Աննա Հակոբյանը պետության ղեկավար չէ, պետական պաշտոնյա չէ՝ վարչապետի տիկինն է, որին մի քիչ ավելի կպատշաճեր համեստությունը։ Նախկին տիկիններին մենք տեսնում եւ լսում էինք շատ հազվադեպ, անգամ այդ ժամանակ նրանք ազդում էին մեր նյարդերի վրա, որովհետեւ կար կասկած, որ նրանք ավելի մեծ դերակատարում ունեն, քան պատշաճ է երկրի ղեկավարների կանանց, ուստի մարդիկ դաժան էին նրանց խոսքի, հագուկապի, պահվածքի, հանրային հարթակներում երեւալու հաճախականության հանդեպ։ Բայց Աննա Հակոբյանը գերազանցեց նախկիններին։ 

Անգամ վարչապետի հանրային շփումները պետք է չափավորվեն եւ կանոնակարգվեն։

Վրույր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 
ֆիզիկոս


Share: