Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իմ մուտքն այդ երկրներ չթույլատրելու հարցը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բելառուսական «Белсат TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է  իրեն այդ երկրների տարածք չթողնելու հարցը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սաակաշվիլին հույս ունի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում որևէ պաշտոն զբաղեցնելու, Վրաստանի նախկին նախագահը պատասխանել է, որ իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը:

Սաակաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր ցանկությունը՝ նշելով, որ իրեն այդ երկրից ապօրինաբար են արտաքսել, ինչպես Վրաստանի դեպքում:  

«Պուտինը ոչ միայն Վրաստանում իր դրածոների հետ է պաշտոնապես քննարկում ունեցել, ոչ միայն Պորոշենկոյին պաշտոնապես կոչ է արել ինձ Ուկրաինայից արտաքսել, այլև Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ է քննարկել իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը: Սա անարդար իրավիճակ է. ես ամբողջ աշխարհում կարող եմ շրջել, ինչո՞ւ չեմ կարող վերադառնալ Թբիլիսիի կամ Կիևի իմ տուն: Արդարությունը պետք է վերականգնվի», – ասել է Սաակաշվիլին:

Share: