
Ամերիկյան Google ընկերությունը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ նոր դուդլ է թողարկել, որում ընկերության անունը գրված է տարբեր զբաղմունքների տեր մարդկանց և աշխատանքային գործիքների պատկերով, գրում է The Independent պարբերականը: Այն հասանելի է երկրների մի մասում:
19-րդ դարի կեսերին աշխարհում սկսվել էր աշխատանքային շարժում, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկն անցումն էր 8-ժամյա աշխատանքային օրվան:
Ութժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: 1886թ.-ի մայիսի 1-ին նույն պահանջով ԱՄՆ-ի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների հազարավոր աշխատակիցներ դուրս են եկել փողոցներ:
Մայիսի 4-ին Չիկագոյում աշխատավորների ցույցը ցրելու ժամանակ զոհվել է 6 մարդ: Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 8 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր, ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր: