«168 ժամ». Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է

«Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները:

Բացի այն, որ լրատվամիջոցների հետ աշխատանքը սկսեցին անհիմն դարձնել գրավոր հարց ու պատասխանի ռիժիմով, հիմա էլ փակ աշխատաոճը տարածվում է նաև նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:

Ոչ վաղ անցյալում որոշ պաշտոնյաներ ակտիվ PR էին իրականացնում պետական ծառայողական մեքենաների կրճատումների թեմայով, ընդ որում՝ այս փորձն արվեց նաև նախկին իշխանությունների՝ Կարեն Կարապետյանի օրոք: Քննարկման այլ հարց է, թե ինչու էին մինչ այդ նախարարությունների հաշվեկշռին պահվում անպիտան, ժեշտի կտորների վերածված անթիվ-անհամար ավտոմեքենաներ, որոնց համար տասնյակ տարիներ ոչ միայն պահպանման ծախս է դուրս գրվել, այլ նաև բենզինի կտրոններ:

Փորձեցինք հետհեղափոխական Հայաստանի ծառայողական մեքենաների քանակն ու ծախսը հաշվել ու ստուգայց անել՝ հենց նախարարությունների հաշվեկշռից ելնելով. պարզվեց՝ նախարարություններն իրենց մոտ փակել են այդ էջը:

Նկատենք, առաջինը թափանցիկ լինելը մերժում են ծառայողական մեքենաների կրճատումների ֆոնին ինքնադրսևորված Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՀՀ Օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնական կայքէջերում բացակայում է ծառայողական մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը:

Բնապահպանության նախարարությունն էլ է որոշել հետևել կառավարության աշխատակազմի օրինակին:

Նշենք, որ մինչ հեղափոխությունը նախարարությունների կայքերում բաց և հրապարակային էր այս տեղեկատվությունը:

Նոր Հայաստանի դեռևս առաջին ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի, հրապարակել էր նախարարության ծառայողական մեքենաների քանակը՝ դրանք 21-ն էին։

Ավելին, Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարություն տեղափոխվելուց հետո, երբ ԲՀԿ-ի քվոտայով 2017 թ. հունիսին ԱԻ նախարար նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, իր բրիֆինգներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ԱԻՆ-ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով։

Մինչդեռ Նոր Հայաստանում այս նախարարություն եկած երրորդ ղեկավարը՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կտրականապես մերժեց այդ մասին տեղեկատվության տարածումը և փակել է ծառայողական մեքենաների մասին նախարարության պաշտոնական կայքէջի այս հատվածը։

Եվ Ցոլակյանի փակ, ոչ հրապարակային «ձիրքին» հաջողությամբ հետևում է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս նախարարությունը չի հրապարակում ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների քանակը, այլ նաև Հայաստանի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները (վերջին անգամ հրապարակվել է 2015 թ.), Հայաստանի համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկությունը (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), չի հրապարակում նաև համայնքային ծառայության ոլորտում ծառայողական քննությունների մասին տեղեկություններ (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), և այլն։

Ստացվում է՝ սուպերվարչապետական համակարգը գնալով դառնում է նաև սուպերփակ համակարգ, տեղեկություններ չհրապարակող համակարգ։ Վկան՝ պետական կառավարչական մարմինների պաշտոնական կայքերն ու լրագրողների հետ ընտրողաբար շփումները»,-գրում է թերթը:

Share: