Կոչ եմ անում Հայաստանը դարձնել ավելի բարգավաճ. Նիկոլա Ազնավուր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եկել իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- ասաց Նիկոլա Ազնավուրը:

Հարցին, թե ինչ զգաց անմար կրակին մոտենալիս՝ շանսոնյեի որդին նշեց. «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ»:

Share: