Ցավում եմ, որ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու ապացույցներով. Դավիթ Սանասարյանի պաշտպան

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անմին է։ Գրառման մեջ ասվում է. 

«Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ չդիմանալով ճնշումներին ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ 

Թող որևէ մեկը չկասկածի, որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։ Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կարծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։ 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով), քննիչի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները։ 

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Դավիթ Սանասարյանը, «հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»: 

Share: