Մենք չենք ներկայացրել հաղորդում այն մասին, որ եղբորս ծեծելով են սպանել. Էդգար Ծատինյանի քույր

Մենք չենք ներկայացրել հաղորդում այն մասին, որ եղբորս ծեծելով են սպանել: Ես երեկ այնտեղ եմ եղել: Մենք գրել ենք, որ դաժանաբար ծեծել են, տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների կողմից համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու պատճառով եղբայրս մահացել է: Tert.am-ի հետ զրույցում ասաց օրերս մահացած Էդգար Ծատինյանի քույրը՝ Մարիամ Մկրտչյանը՝ անդրադառնալով դեպքի առնչությամբ Ոստիկանության պարզաբանմանը:

Հիշեցնենք, որ Մարիամ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ օրեր առաջ նախկինում դատապարտված իր եղբորը ոստիկանները բերման են ենթարկել, բռնություն կիրառել նրա նկատմամբ և ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը: Գրառման մեջ նշվում է, թե Էդգար Ծատինյանը անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Մարիամ Մկրտչյանը նշում է՝ հիվանդանոցում պատշաճ օգնություն չի ցուցաբերվել եղբորը, որի հետևանքով վերջինս մահացել է:

Դեպքի վերաբերյալ Ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

Ոստիկանության պարզաբանման մեջ նշված է, որ ըստ նախնական բժշկական եզրակացության, մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Էդգար Ծատինյանի ինքնազգացողությունը վատացել է Ոստիկանության բաժնում, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել:

«Ոստիկանները մեզ ասել են, որ նախքան Ոստիկանության բաժին տեղափոխելը Էդգարն արդեն թմրանյութ օգտագործած է եղել: Բայց ինքն ինչո՞ւ պետք է օգտագործեր այդքան մեծ քանակությամբ թմրանյութ, այն էլ՝ տոպրակով»:

Հարցին՝ ինչո՞ւ են հատկապես Էդգար Ծատինյանին բերման ենթարկել տվյալ սպանության գործով, Մարիամ Մկրտչյանն ասաց՝ կարծում են՝ նրան բերման են ենթարկել, որովհետև նախկինում դատապարտված է եղել. «Եղբորս նախկինում դատապարտել են, որովհետև նախկին կնոջ տան դուռն այրել է, քանի որ վերջինս չէր թողնում տեսնել երեխաներին: Քանի անգամ ինքը նստել է նույն հոդվածով: Ու միայն իմ եղբորը չեն բերման ենթարկել, մի քանի տղաների՝ նույնպես, որոնք ևս ծեծի ու խոշտանգումների են ենթարկվել»:

Share: