«168 ժամ». Միայն բանակը չի կարող հաղթել պատերազմում

«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերին կոչ անել պատրաստվել խաղաղության, Հայաստանի քաղաքական դիսկուրսում քննարկվում է պատերազմի հնարավորությունը։ Եվ այս հայտարարությունները, այս մոտեցումներն իրավիճակին միանգամայն համարժեք են թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։

Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը՝ Հայաստանն ու Արցախն այլ տարբերակ չունեն, քան մշտապես պատրաստ լինել պատերազմի։ Եվ եթե իրավիճակային՝ կարճաժամկետ առումով այս թեզը միանգամայն տեղին է թվում, ապա այլ է պատկերը, երբ խնդրին նայում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Եվ այդ դեպքում առաջանում է հարց՝ որքանո՞վ է Հայաստանը՝ իր այսօրվա պետական կառավարման համակարգերով, համապատասխան ինստիտուտներով ու կառույցներով, քաղաքական-հանրային հարաբերությունների որակով, բարոյահոգեբանական մթնոլորտով, պատրաստ պատերազմին, պատրաստ ոչ միայն՝ ուղղակի պատրաստ լինելու, այլ՝ պատերազմին դիմակայելու ու պատերազմում հաղթելու տեսանկյունից։

Ահա այս և դրանից բխող մի շարք այլ հարցադրումների պարագայում պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն հնչում։ Այն անլրջությունը, կադրային տապալված այն քաղաքականությունը, որն առկա է պետական կառավարման համակարգում, ստիպում են այդ հարցադրումներին տարակուսանքով վերաբերվել։ Որովհետև պատերազմը չեն վարում միայն զինված ուժերը, պատերազմը վարում և հաղթում են պետությունները՝ բանակի ամուր թիկունքով ու հզոր տնտեսությամբ։

Իսկ տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որևէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաև՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում»,-գրում է թերթը:

Share: