Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցն է

Քառօրյա պատերազմ (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ1), լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի ղեկավարությունը տեղեկություններ է ունենում, որ ադրբեջանական բանակը ուժեր է կենտրոնացրել առաջնագծում: Ժամը 01:15-ի սահմաններում Արցախի նախագահն իր աշխատասենյակում իրավիճակը քննարկում է ՊԲ հրամանատարի, Արցախի անվտանգության ծառայության և ոստիկանության պետերի հետ: Արցախի ղեկավարությունը կարծել է, որ դրանք ադրբեջանական կողմի հերթական լոկալ գործողություններ են, և գործողությունները կազմակերպել է դրան համապատասխան: Ավելի ուշ ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատավայր և սկսել է վերստուգումներ անել: Հակառակորդը գործողությունները սկսել է գիշերը ժամը 03:00-ին: Այս մասին ավելի ուշ հայտնի է դարձել Արցախի նախագահի ասուլիսի ժամանակ:

Այսպիսով, Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00 սահմաններում: Ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 08:18-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Ավելի ուշ հայտնվում է ստորև տեղադրված տեսանյութը, որտեղ երևում է, որ հենց ադրբեջանական կողմի զինծառայողներն են սկսում հարձակումը:

Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ: ՊԲ-ն նույնպես կրում է կորուստներ:

Ավելի ուշ՝ 9:10-ին ՊԲ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ ուժերը առաջնագծի հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈւ 1 միավոր ուղղաթիռ: Ավելի ուշ պարզ է դառնում, որ խոցված ուղղաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել ադրբեջանական կողմում, սակայն անհայտ է՝ կարողացել է, թե ոչ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը և ԶԼՄ-ները առաջին ժամերի ընթացքում մարտական գործողությունների մասին ոչ մի հաղորդագրություն չեն տարածում: Միայն 9:30-ին, մարտերը սկսելու համար մեղադրելով հայկական կողմին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները «փորձում են կասեցնել ադրբեջանական բնակատեղիներին հարվածող հայկական ստորաբաժանումներին»:

Միաժամանակ ադրբեջանական ՊՆ-ն ադրբեջանական լրատվամիջոցներին հրահանգում է չհրապարակել «ոչ պաշտոնական, ոչ ճշգրիտ և ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն միայն հերքում է ադրբեջանական ուղղաթիռի ոչնչացման մասին տեղեկությունը:

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը 10:25 հայտնում է, որ 08:30-ի շրջանում ադրբեջանական զինուժի՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հայկական գյուղերի հրետակոծությունից Մարտունիի պաշտպանական շրջանի ուղղությամբ զոհվել է մեկ երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը (ծնված՝ 2004 թվ.), ևս երկու երեխա ծանր վիրավոր է:

Ավելի ուշ Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն՝ Լևոնարխ գյուղի մատույցներում Արցախի ՊԲ ստորաբաժանումները հայտնաբարել և ոչնչացրել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբ:

12:30-ի մոտակայքում ՊԲ հակաօդային պաշտպանությունը հարավարևելյան ուղղությամբ խոցում է ևս մեկ միավոր ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ևս երկու միավոր ԱԹՍ:

Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Առավել կատաղի մարտեր են մղվում առաջնագծի հարավային և հյուսիսարևելյան հատվածներում: Միաժամանակ Տավուշի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներ հայտնում են, որ գիշերվա ընթացքում իրենց բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ եղել են, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է:

Ի տարբերություն առաջին ուղղաթիռի` Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ ուղղաթիռի խոցումն, այնուամենայնիվ, ընդունում է: Տեղական ժամանակով ժամը 17:00-ի մոտակայքում Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ մարտական գործողությունների ընթացքում կորցրել է 12 զինվոր, 1 ուղղաթիռ և 1 տանկ։

Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ է վերցրել «Լելե Թեփե» բարձունքը և այլ բարձունքներ հայկական Թալիշ, Սեյսուլան գյուղերի շրջանում (խոսքը վաղուց լքված Սեյսուլան բնակատեղիի մասին է, այլ ոչ թե Նոր Սեյսուլան բնակատեղիի, որը գտնվում է հայկական տարածքների խորքում՝ Մարտակերտի շրջանում, որը վերցնելու մասին հայտնել էինադրբեջանական ԶԼՄ-ները՝ տեքստին կցելով վերոնշյալ Նոր Սեյսուլան գյուղից լուսանկարներ):

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է , որ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով իրավիճակը քննարկել է թուրք գործընկերոջ՝ Իսմեթ Յըլմազի և Թուրքիայի ԳՇ պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այլ մանրամասներ չէին հրապարակվում:

Ժամը 18:50-ին Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հրապակում էԱդրբեջանի դիվերսիոն հետախուզական խմբի սպանված զինծառայողների և խփված զինտեխնիկայի՝ այդ թվում նաև ԱԹՍ-ի մասին տեսանյութ:

Տեսանյությում երևում են նաև Ադրբեջանի ԶՈւ կողմից «ԲՄ-21 Գրադ» կայանքներից  հրետակոծության ենթարկված հայկական բնակավայրեր: Համաձայն Արցախի ՊԲ տվյալների՝ ապրիլի 2-ի ժամը 19:00 դրությամբ Արցախի զինուժը շարքից հանել էր հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 միավոր տանկ և 2 ԱԹՍ:

Հարավային ուղղությամբ առավոտյան ադրբեջանցիները կարողացել էին գրավել հայկական մի քանի դիրք, սակայն դրանց մի մասն արագ հետ էին վերադարձվել:

Երեկոյան Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտնում է, որ առավոտյան կորցված բոլոր դիրքերը հետ են վերադարձվել: (Դիրքերի ամբողջական հետգրավման մասին տեղեկությունը հետագայում չի հաստատվել):

Ավելին՝ այստեղ


Share: