Գագիկ Սուրենյանը՝ ցիկլոնի մասին

Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: 

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական նորմայի 110-150 տոկոսը։

 Ձյան ծածկի առավելոգույն բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 256սմ, Որոտանի լեռնանցքում 102սմ, Ամբերդում 95սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50սմ։

Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածնեևրում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս։ 

Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, սակայն այն տարբերությամբ, որ այն կունենա ակտիվացման և թուլացման փուլեր։

Ցիկլոնի ակտիվ կլինի հատկապես ապրիլի 3-ին երբ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ուժեղ։ Ապրիլի 1-2-ին, 4-6-ին տեղումները կլինեն համեմատաբար ավելի կարճատև բնույթի, այսինքն ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ կլինի նաև արևի առկայություն։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։

Գյուղատնտեսներին հիշեցնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում»։

Share: