«168 ժամ». Կոնստանտին Օրբելյանին փոխարինողի անունը հայտնի է. այդ պաշտոնը նրան խոստացել էին դեռևս անցած տարի

«Երեկ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն նախարարության  այս որոշման հետ, գործիչներն ընդվզում են, և վաղը ժամը 16:00-ին նախարարի պարտականությունները կատարող տիկնոջը պարզաբանումներ տալու նպատակով  հրավիրել են թատրոն: Նախարարությունում տեղյակ չեն այս ժամադրությանը  Նազենի Ղարիբյանի վերաբերմունքի մասին:

Նախարարությունում Կոնստանտին Օրբելյանի ազատման հիմքերը զուտ իրավաբանորեն են հիմնավորում, այն է՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով՝ անձը միևնույն ժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի:

Մեր աղբյուրները վստահեցնում են՝ Կ. Օրբելյանին առաջարկել են ընտրել երկու պաշտոններից մեկը, սակայն նախարարության կողմից տրված ընտրության հնարավորությունը մաեստրոն կտրականապես մերժել է:

Նախարարությունում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պատրաստություն են տեսնում: Թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած  «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ լիազոր  մարմինը հակված է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ավելին՝ հետագայում Արմեն Սարգսյանը մրցույթով կհաստատվի Օպերայի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնը նրան խոստացվել է դեռևս անցած տարի, իսկ պայմաններ ստեղծելու գործին անձամբ Լիլիթ Մակունցն է լծվել: Դեռ Մշակույթի նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ծածուկ սկսել է   Օրբելյանի ձեռքից տնօրենի պաշտոնը խլելու գործընթացը: Սկզբում  նախարարությունում գործի են դրվել բարոյական ճնշումների մեթոդներ, հետո շանտաժի թեմա է դարձել մաեստրոյի հայոց լեզվի չիմացության խնդիրը, անդրդվելի երաժշտին, ի վերջո, հեռացրին՝ հիմք ընդունելով համատեղությամբ 2 պաշտոններ զբաղեցնելու գործոնը:

168.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունները՝  ասելով որ՝ այո՛, իրեն դիտարկում են Կոնստանտին  Օրբելյանի փոխարինող թեկնածու: Այս փուլում պարզ չէ միայն՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Հետագա զարգացումներից անկախ՝ երեկ Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպել Կոնստանտին Օրբելյանին և խնդրել է, որպեսզի խոսեն-հասկանան իրար, Օրբելյանը չի մերժել:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար իրեն առաջինն արտիստներն են դիմել, դեռ անցած տարի իր հնարավոր նշանակման նպատակահարմարության համար ուսումնասիրել, հասկացել են, որ տարբերակ չկա: Նախկին իշխանությունների օրոք  ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանին հրավիրել էին Հայաստան և նշանակել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ կառավարությունը հատուկ փոփոխության է կատարել, որպեսզի հնարավոր լինի նաև նրան տնօրեն նշանակել:

«Առաջարկվել է պարոն Օրբելյանին, որ զբաղեցրած հաստիքներից մեկը զիջի, դեմ է եղել, ասել է՝ կամ երկուսը միասին, կամ ես հեռանում եմ… բայց այս որոշմանը նախարարությունը գնացել է՝ օրենքի պահանջը հարգելով, ոչ թե ինձ նշանակելու կամ մեկ ուրիշի համար… այսօր ունենք այն, ինչ ունենք… Չստացվի էնպես, թե ես նստած սպասում եմ, որ այդ տեղն ազատվի ու ինձ առաջարկ լինի: Սակայն չեմ թաքցնում, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, ծանոթ եմ խնդիրներին, գիտեմ կոլեկտիվի կեսից ավելիին և լրիվ ի վիճակի եմ կատարել ադմինիստրատիվ գործառույթները, քանի որ երկար տարիներ «փրոդաքշըն» եմ ղեկավարել, ունեմ բավարար փորձառություն»,- ասում է Արմեն Սարգսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: