Նախատեսվում է բռնագրավել փողոցային առևտրի օբյեկտ հանդիսացող առարկաները. Երևանի քաղաքապետարան

Փողոցային առևտրի դեմ պայքարը գտնվում է ընթացիկ փուլում, մշտապես ձեռնարկվում են միջոցառումներ փողոցային բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխարգելելու ուղղությամբ, այսինքն՝ պայքարը կրում է մշտական և անդադար բնույթ: Այս մասին, ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը, նշել են Երևանի քաղաքապետարանից:

«Երևան քաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է մշտական հսկողություն փողոցներում և բակային տարածքներում: Իրականացվում են շրջայցեր, ինչպես նաև արագ արձագանք են ստանում ապօրինի առևտրի մասին քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված ահազանգերը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Ինչ քայլեր են ձեռնարկվել, ձեռնարկվում ապօրինի փողոցային առևտուրն ի սպառ վերացնելու համար հարցին ի պատասխան, քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ապօրինի առևտուրն իսպառ վերացնելու նպատակով մշակվել է նոր օրինագիծ, որով նախատեսվում է բռնագրավել փողոցային առևտրի օբյեկտ հանդիսացող առարկաները, ինչն ավելի կբարձրացնի իրականացվող վարչարարության արդյունավետությունը:

«Փողոցային առևտրի դեմ խիստ պայքարը սկսվել է հունվարի 8-ից և կրում է շարունակական բնույթ, կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ արձանագրություններ»,- նշել են քաղաքապետարանից: Միևնույն ժամանակ հայտնել են, որ շուկա տեղափոխված առևտրականների հաշվառում քաղաքապետարանը չի իրականացնում նման գործառույթ չունենալու պատճառով:

Ինչ վերաբերում է փողոցային առևտրով զբաղվողները հայտնած դժգոհությանը, թե շուկաներում վարձավճարները թանկ են, և հարցին՝ արդյոք սահմանվել են նրանց տեղափոխման համար ինչ-որ արտոնյալ պայմաններ նախնական շրջանում, քաղաքապետարանից տեղեկացրել են, որ շուկաներում վաճառատեղի գները սահմանված են օրական 500-ից մինչև 3000 դրամ, շատ շուկաների կազմակերպիչներ իրենց պատրաստակամությունն են հայտնել մինչև 3 ամսով տեղերը տրամադրել անվճար, ինչից հետո գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ թանկացման մասին որևէ բողոք քաղաքապետարանում չի ստացվել:

Անդրադառնալով Երևանի փողոցներում Սևանի «սիգ» ձկնատեսակի վաճառքին՝ քաղաքապետարանը նշել է. «Սևանի «սիգ» ձկնատեսակի ապօրինի բացօթյա վաճառքի դեմ պայքարը խստացնելու նպատակով 2019թ. փետրվարի 11-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն վարչական շրջանների առևտրի ոլորտի պատասխանատուների, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, ինչից հետո իրականացված համատեղ շրջայցերի արդյունքում Երևանի փողոցներից հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 700 կգ «սիգ» ձկնատեսակ, իսկ դրանց վաճառքը իրականացրած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության»:

Share: