Դժգոհության ալիքն ահագնանալու, տարածվելու ուժ ունի․..

Նիկոլ Փաշինյանին դժգոհության ալիքները հասցրին իշխանության ափ։ Դժգոհության ալիքի վրա իշխանության գալը հեշտ չէ պահել։ Ի՞նչ առումով։

Եթե դու իշխանության ես եկել նախկինի մերժումով, պիտի դրսևորվես այնպես, ոչ ոչ մի կերպ չնմանեցնեն քեզ նախկինին։ Դա գիտակցում է նոր իշխանությունը և ամենացավոտն ընդունում է այն, երբ նորը նմանեցվում է հնի հետ։ Ցավոտ ընդունելն այլ բան է,  քայլեր ձեռնարկելն այլ բան, որը, ինչքան էլ փորձենք մեզ խաբել, չի արձանագրվում։ Մնում է վառ պահել դժգոհության ալիքը, անընդհատ ստվերային ձևով օրակարգի մեջ թողնելով «Մերժիր Սերժին»-ը։ Հենց դա է պատճառը, որ զանազան հնարքների միջոցով՝ չթվարկեմ դրանք, նախկին իշխանության կառավարումն է անընդհատ շահարկվում։ Այո, վատ է եղել, շատ վատ է եղել, բայց մարդիկ նորն  են ուզում տեսնել՝ նոր տնտեսական հեղափոխությունը, արտաքին  քաղաքականությունը, կադրային բազան, արդարության սկզբունքը։

Սերժին մերժելով ի՞նչը մերժեցիք։ Միայն Սերժի՞ն։ Մերժման ալիքը բարձրացնելու համար տարաբնույթ  հնարքներ են բանեցվում, որոնք պառակտում են ազգը։ Բանը հասել է այնտեղ, որ շարքային քաղաքացիներն են իրար դեմ դուրս եկել, որ դժգոհության ալիքի բարձրությունը չիջնի։ Ազգի մի կեսը մերժում է մյուս կեսին։ Մերժումով իշխանության եկած ուժը միայն հների մերժման մեթոդով է կամենում իշխանությունը պահել։  Մինչև ե՞րբ։ Ինչքա՞ն կարելի է հին ռեսուրսներն օգտագործելով, մերժել դրանք, մերժման ալիքը պահելու նպատակով։  

Դժգոհության, մերժման  ալիքը շատ վտանգավոր ալիք է, այն հաշվի չի առնում, թե ով է իր դիմաց կանգնած՝ Սե՞րժը, Նիկո՞լը․․․ Այն ահագնանալու, տարածվելու ուժ ունի․ սնվում է ջրերի առատությունից ու նրա միակ տերը՝ ահեղ տարերքն է։ Դժգոհության ալիքի վրա հույս կապողին ալիքը խժռում է։

Փրկության միակ ճանապարհը ալիքը մեղմելն է։ Կյանքը թեթևացնելը, ազգը բռունցք դարձնելը, համախմբելը, որը, ցավոք, չեմ տեսնում։

Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհը պետականության հիմքերը խարխլելն է։ 

Աղբյուր՝ Hraparak.am


Share: