Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկելու է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:

Ըստ դրա՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:

«Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը», – ասված է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր:

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Share: