Մանկապարտեզների առցանց գրանցման համակարգը շուտով կգործի

Երևանում գործող 160 մանկապարտեզներ հաճախում է 30 հազար 373 երեխա: Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգում 8730 հերթագրված երեխա կա, որից 6972-ը՝ տարիքային խմբերին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ թվերն ամեն օր փոխվում են: Նա նշեց, որ առցանց հերթագրման համակարգը դեռևս չի գործում և պաշտոնապես հասանելի չէ ծնողներին, բայց թեստային ռեժիմում որոշ գրանցումներ արվել են: «Այնտեղ տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ կան, որոնք ուզում ենք ավելի պաշտպանված դարձնել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Մոտ ժամանակներս այդ ամենը կհղկվի և ինչպես մենք հայտարարել ենք, գրեթե առանց շեղումների կունենանք օնլայն հարթակը»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ հերթագրման առցանց համակարգը հնարավորություն կտա ծնողին առանց տանից բացակայելու բալիկին հերթագրելու հնարավորություն ունենալ:  «Ընդամենը պետք է համակարգչով ընտրել մանկապարտեզը, գրանցվել, հերթագրել բալիկին, ստանալ գաղտնանիշը: Կայքում քաղաքացիները տեսնելու են միայն իրենց բալիկի անուն-ազգանունը, մնացած բոլոր հերթագրված երեխաների տվյալները փակ են, բայց իրենք տեսնելու են իրենց երեխայի հերթը տվյալ մանկապարտեզի հերթագրման մեջ»,-նշեց նա:

Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ շատ են խոսակցություններն այն մասին, որ նախկինում եղել է ծանոթ-բարեկամ հերթն առաջ տալու սովորույթ, հիմա կայքը բաց է և թափանցիկ, մարդկային գործոնի միջամտությունն էլ բացակայում է: «Մեր ծնողները կարող են ամենօրյա ռեժիմով մուտք գործել համակարգ և հետևել իրենց հերթին և եթե  ինչ-ինչ խնդիրներ լինեն, ծնողը կարող է իր դժգոհությունը բարձրաձայնել: Կայքը փակ համակարգ է»,-վստահեցրեց փոխքաղաքապետը:

Ավելին՝ այստեղ

Share: