Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները այսօր՝ մարտի 20-ին, կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են անում՝ դժգոհելով «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունից:

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները հիմնավորումներ են պահանջում ` ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ: 
Նրանք հանդիպում են պահանջում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մնացածը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, միայն վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում: Նախորդ բողոքի ակցիայից հետո կառավարությունից 2 հոգու հետ հանդիպեցինք, իրենք իրար մեջ քննարկեցին և վերջ, որևէ արդյունք չկա: Մինչև մեր հարցն այսօր չլուծվի, չենք գնալու կառավարության դիմացից»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Տաթևը:

Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով՝ 60 անգամ ավելանալու է գրավատների և փոխանակման կետերի տարեկան պետական տուրքը: Գրավատների համար գործող 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, տարադրամի փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Share: