Հայտնի են աշխարհի ամենաթանկ քաղաքները

Սինգապուրը, Փարիզը և Հոնկոնգն առաջին տեղն են կիսում ապրուստի արժեքի ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը կազմել է Economist Intelligence Unit հանդեսը, հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ավելի վաղ հինգ անգամ անընդմեջ Worldwide Cost of Living անվանումը կրող վարկանիշում ամենաթանկ քաղաքը դարձել է Սինգապուրը:Ինչպես նշվում է, այդ երեք քաղաքներում ապրուստի արժեքը յոթ տոկոսով ավելի բարձր է, քան Նյու Յորքում, որն զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը:

Լոս Անջելեսն անցյալ տարվա համեմատությամբ բարձրացել է մի քանի դիրքով և տասներորդ տեղը կիսել իսրայելական Թել-Ավիվի հետ:  Առաջին տասնյակում տեղ են գտել Ցյուրիխ, Ժնև և Կոպենհագեն եվրոպական քաղաքները: Տասնյակում նաև հայտնվել են ճապոնական Օսակա քաղաքը և Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքը: Ինչպես նշում է պարբերականը՝ ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով:  Ամենաէժան քաղաքը պարբերականը ճանաչել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:

Share: