«Գազպրոմ Արմենիան» և ՀՀ իշխանությունները չեն կարողանո՞ւմ պայմանավորվել

Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀԾԿՀ–ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև։

ՀՀ ղեկավարությունն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշում կայացնելու համար հատկացված երկու ամսվա ընթացքում գազի սակագնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չեն բերել։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասում էր, որ սահմանին գազի գնի սակագինը բարձրացել է։ Նշվում էր, որ ընկերությունը գազի ներքին սակագների վերաբերյալ կշարունակի աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ։

Նշված ժամկետի ավարտին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ընկերություն` ճշտելու համար` որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել է, թե ոչ։ Ինչպես պարզվեց, արդյունք դեռ չկա։

«Հաշվի առնելով ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված նեղ մասնագիտական ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ընկերության, որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով՝ ներկայումս աշխատանքային քննարկումներ են անցկացվում Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետների մասնակցությամբ», – գրված է հաղորդագրության մեջ։

Share: