
Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ։
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։