Մամուլի հետ այդ տոնով խոսել չի կարելի. ԶԼՄ ներկայացուցիչները՝ տարածքն ազատելու պահանջին ի պատասխան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյան, ԱՌԿԱ լրատվական գործակալության խմբագիր և «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրությունների ստացած ծանուցմանը, ըստ որի ՝ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը, մոտավորապես տասը տարի այդ տարածքում մի շարք լրատվամիջոցներ են գործում:

Հայելի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը նախ նշեց, որ հստակ է, որ այդ որոշումը դատական կարգով վիճարկելու են: «Մենք սպասում էինք, որ այսպիսի քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս արագությամբ»,-ասաց նա և նշեց, որ ազատ տարածքներ կան, որոնք կարող է քաղաքապետարանը օգտագործել արդյունավետ: Նա դիմեց դեսպաններին՝ արձագանքելու այս հարցին և նշեց, որ ակնկալում են հանդիպում, հայտարարություն: 

Անժելա Թովմասյանը նշեց, որ եթե քաղաքապետարանը ցանկանա հանդիպել, կհանդիպի: «Ես խոստանում եմ, որ այս ամենը հեշտ չի մարսվելու»,-ասաց նա:

Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ նախ այս շենքը դրսից գեղեցիկ, ներսից քստմնելի է և նշեց, որ չգտի, թե ով է ճարտարապետը այս զարմանալի և անհասկանալի  կառույցի:

«Մենք տարածք չենք ստացել, մենք ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա: Ֆանտաստիկ զուգարաններ կան ամեն հարկում, որ խորհրդային շրջանի հոտը լավ պահել են, մենք սանհանգույց սարքեցինք:Ամեն ինչ մենք արեցինք՝ դուռ, լուսամուտ և սկսեցինք աշխատել»,-ասաց նա նշեց, որ նախկին քաղաքապետերը, տեսնելով, թե որքան գումար ենք ծախսել, որոշեցին անհատույց տրամադրել տարածքը:

«Ինձ թվում է, թե քաղաքապետարանը մեզ պարտք է, և այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով»,-ասաց նա և նշեց, որ կայացված որոշումը անհարգալից վերաբերմունք է մամուլի նկատմամբ: Նա նկատեց, որ երբեք այսպիսի վերաբերմունք չի տեսել, ինչպիսին քաղաքապետարանի նամակում է, որը, ըստ էության, նա վերջնագիր համարեց:

«Իմ բարի խորհուրդը քաղաքապետարանին. բարեկամաբար խնդրում եմ, հորդորում եմ՝ մամուլի հետ այդ տոնով չխոսել, դա խաղ է կրակի հետ, չի կարելի վերջնագրով խոսել մամուլի հետ»,-ասաց նա:

Արմինե Օհանյանը նշեց, որ ծանուցման մեջ նշված էր, որ որոշումը կայացվել է հանրային գույքը արդյունավետ օգտագործելու նպատակով: «Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում այս տարածքները, դժվար է  պատկերացնել: Այսինքն` հանրային  արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող»,-ասաց նա:

«Հրապարակ» թերթի խմբագիրը նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանությունն ավելի վատ է գնահատում ազատ խոսքը, մամուլը, քան նախորդ իշխանությունները: «Մենք չորս քաղաքապետ ենք փոխել և ոչ մի քաղաքապետի մտքով չի անցել պահանջել մեզնից տարածքն ազատել: Պատերն անգամ մենք ենք կառուցել: Մեկ ամիս առաջ նորոգում ենք կատարել, ով է փոխհատուցելու այդ ծախսերը: Մենք լիարժեք իրավունք ունենք շարունակել մեր գործունեությունն այս շենքում»,-ասաց նա:

Share: