«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին գտել են կախված վիճակում

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Մ.Պետրոսյանն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնել է ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նրա խոսքով՝  1965թ.-ին ծնված Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում:

«Փաստի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»,- շարունակեց Նավիկյանը։ 

Վերջինս տեղեկացրեց, որ Մ.Պետրոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ բռնաբարության հոդվածով։

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2019թ. փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն), 1965թ. ծնված Մ.Պետրոսյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում: 

Դեպքի վայրի զննությամբ կալանավոր Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում:

Խցում հայտնաբերվել է նաև այն սավանը, որից կտրված հատվածներով պատրաստվել է ինքնաշեն պարանը:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Share: